Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին ակնարկել է «Մանչեսթեր Յունայթեդում» մնալու պատրաստակամության մասին` հայտնելով, որ ցանկանում է ավելի շատ գոլեր խփել ակումբի կազմում:
Այս ամառ Ռունին ցանկանում էր հեռանալ «Օլդ Թրաֆորդից», և «Չելսին» երկու անգամ նրան գնելու առաջարկ արեց, սակայն «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը թույլ չտվեց Ուեյնին հեռանալ:
Մոյեսն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է Ռունիին խաղացնել իր սիրած դիրքում` հարձակման գծում: «Բայերի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի խաղում դուբլ ձևակերպելով` Ուեյնն ակումբում խփած իր գոլերի թիվը հասցրեց 200-ի:
Այժմ Ռունին «Յունայթեդի» պատմության մեջ 4-րդ լավագույն ռմբարկուն է: Սակայն 27-ամյա անգլիացին այլևս չի մտածում թիմից հեռանալու մասին, դրա փոխարեն Ուեյնը պատրաստվում է հասնել Բոբբի Չարլթոնի ռեկորդին (249 գոլ):
-Ինձ համար պատիվ է 200 գոլ խփել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Եթե նայենք լավագույն ռմբարկուների ցուցակին, ապա ես ընդամենը չորրորդն եմ` Սէր Բոբբի Չարլթոնից, Դենիս Լոուից և Ջեկ Ռոուլիից հետո:
Անկասկած ես շատ հպարտ եմ դրա համար: Իմ գլխավոր առաջադրանքը` օգնել թիմին հաղթանակի հասնել, և եթե ես գոլ եմ խփում, դա ինձ համար առավելություն է: Հույս ունեմ, որ կկարողանամ ավելի շատ գոլեր խփել,- Ռունիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: