«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարծում է, որ իր ակումբի ապագան անվտանգ է, չնայած թիմը պայքարում է Պրեմիեր Լիգայում մնալու համար:
Անցած հանգստյան օրերին «Ուիգանը», հաղթելով «Մանչեսթեր Սիթիին», նվաճեց Անգլիայի գավաթը: Այնուամենայնիվ, Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը գտնվում է վտանգավոր գոտում: Մինչդեռ «Արսենալի» հետ կայանալիք խաղից առաջ Մարտինեսը հասկացրել է, որ չի անհանգստանում ակումբի ապագայի համար:
-Հաղթանակն Անգլիայի գավաթում այն պահերից է, որ փոխեց ֆուտբոլային այս ակումբի պատմությունը: Այս հաջողությունը փոխեց հասարակության կարծիքն «Ուիգանի» մասին: Մենք արդեն ակումբ չենք առանց տիտղոսի:
Այժմ դուք խոսում եք մեր մասին՝ որպես մի ակումբի, որն ունի ամուր հիմք: Ֆինանսական տեսանկյունից այն միշտ էլ այդպիսինն է եղել մեր նախագահ Դեյվ Ուիլանի շնորհիվ: Սակայն «Ուիգանն» այժմ ինքնաբավ է և կարող է հաղթահարել ամեն ինչ:
Նախկինում, եթե ակումբը լքում էր Պրեմիեր Լիգան, ապա կորցնում էր խաղացողներին, բյուջեն, կատարվում էին ֆինանսական կրճատումներ: Սակայն այդպիսի բան այստեղ երբեք տեղի չի ունեցել, և ինչ էլ լինի, «Ուիգանն» առաջիկա մի քանի տարիներին պայքարելու է տիտղոսների համար,- հայտնել է մասնագետը: Daily Mirror