Ինչպես և սպասվում էր, «Լիվերպուլ»-ը Եվրոպա Լիգայի հերթական հանդիպման համար Մոսկվա է մեկնել պահեստային կազմով: Առաջատարները հնարավորություն կստանան հանգստանալու:
Ինչպես հաղորդում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը, «Անժի»-ի դեմ խաղի համար Մոսկվա մեկնածների թվում չեն Սթիվեն Ջերարդը, Լուիս Սուարեսը, Մարտին Շկրտելը, Դանիել Ագգերը, Խոսե Էնրիկեն, Գլեն Ջոնսոնը, Ջո Ալենը և Ռահիմ Ստերլինգը:
Փոխարենը հանդես գալու լավ հնարավորություն կստանան «Լիվերպուլ»-ի ակադեմիայի սաներ Ջեկ Ռոբինսոնը, Ադամ Մորգանը, Կոնոր Կոադին և Սթիվեն Սաման: Բրենդան Ռոջերսը իր հետ է վերցրել նաև Սեբաստիան Կոատեսին, Ջեյմի Կարագերին, Ջորդան Հենդերսոնին և Սթյուարդ Դաունինգին: Սպասվում է, որ «Լիվերպուլ»-ի դարպասը կպաշտպանի Բրեդ Ջոնսը:
Ավելացնենք, որ երկու շաբաթ առաջ «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության էր հասել «Անժի»-ի նկատմամբ: