«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է իր հետաքրքրությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի նկատմամբ:
Չորեքշաբթի օրն «ազնվականները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան Թաիլանդի աստղերի հավաքականի նկատմամբ: Իսկ մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ «Չելսին» պաշտոնական առաջարկ է արել Ռունիի համար: Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Մոուրինյոն չկարողացավ շրջանցել այս թեման:
-Այո, «Չելսին» հետաքրքրվում է այդ ֆուտբոլիստով և մենք պաշտոնական առաջարկ ենք արել: Այժմ այլ բան չենք կարող ասել: Մենք ցանկանում ենք գնել ֆուտբոլիստին, նրա համար առաջարկ ենք արել, այժմ խոսքը «Յունայթեդինն» է:
Մենք չենք ցանկանում առաջարկի մասին այլ ինֆորմացիա հայտնել, սակայն կարող եմ ասել, որ դա ուղղակի գումար է, առանց որևէ ֆուտբոլիստի առաջարկի. ո՛չ Խուան Մատան, ո՛չ Դավիդ Լուիզը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Պորտուգալացի մարզիչը նաև հայտնել է, որ Ռունիից բացի նա այլ տրանսֆերային նպատակ չունի: Լրագրողի այն հարցին, թե «Ռունին կա՞մ ոչ ոք», Ժոզեն դրական պատասխան է տվել: