«Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեն հրաժարվել է իրեն վաճառելու խնդրանքից և նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
«Վիլլացիները» Բենտեկեին գնեցին անցած ամառ: Կրիստիանի նորամուտն անգլիական Պրեմիեր Լիգայում ավելի քան հաջող ստացվեց: Բելգիացի ռմբարկուն 19 գոլի հեղինակ դարձավ: Այս ամռանը հարձակվողին ցանկանում էին ձեռք բերել «Տոտտենհեմը» և «Չելսին», և այդ լուրերն ավելի մեծ թափ ստացան, երբ ֆուտբոլիստը խնդրեց վաճառել իրեն:
Այժմ «Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է Բենտեկեի հետ չորս տարվա պայմանագրի ստորագրման մասին: Ֆուտբոլիստը որոշել է իր ապագան կապել բիրմիգհեմյան ակումբի հետ և այլևս չմտածել հեռանալու մասին:
-Երբ ես վերադարձա մարզումներին, ես խոսեցի մարզչի հետ: Ես շատ ուրախ եմ վերադառնալ Բիրմինգհեմ և նոր պայմանագիր ստորագրել «Աստոն Վիլլայի» հետ: Սա հիանալի ակումբ է, որն ինձ շատ բան է տվել,- ասել է Բենտեկեն: