«Սաութհեմպտոնի» նորեկ Պաբլո Օսվալդոն խոստովանել է, որ «Սեյնտ Մերի» տեղափոխության մեջ որոշիչ դեր է կատարել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Հիշեցնենք, որ «Սաութհեմպտոնն» իր համար ռեկորդային` 15 մլն ֆունտ է վճարել «Ռոմայի» հարձակվող Օսվալդոյին ձեռք բերելու համար: Պաբլոն անգլիական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել:
Իտալիայի հավաքականի 27-ամյա հարձակվողը որոշ ժամանակ առաջ խաղացել է Պոչետինոյի գլխավորությամբ հանդես եկող «Էսպանյոլում»: Հենց «Սաութհեմպտոնի» ներկայիս մարզիչն էլ համոզել է Օսվալդոյին տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
-Ես ավելի վաղ արդեն աշխատել եմ Մաուրիսիոյի հետ և նրան բավական լավ եմ ճանաչում: Այն մրցաշրջանը, որ մենք միասին անցկացրել ենք «Էսպանյոլում», ինձ համար լավագույնն է եղել:
Մաուրիսիոյի հետ աշխատելը ֆանտաստիկ է: Նա շատ նպատակասլաց է և ինձ համար շատ կարևոր է աշխատել մարդկանց հետ, ովքեր գնահատում և հարգում են իմ աշխատանքը:
Մի քանի տարի ես աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր չգնահատեցին այն թե ինչպես եմ ես աշխատում, այդ պատճառով էլ ես ուրախ եմ տեղափոխվել այստեղ,- Օսվալդոյի խոսքերն է մեջբերում BT Sport-ը: