«Լիվերպուլի» իսպանացի ֆուտբոլիստներ Յագո Ասպասը և Խոսե Էնրիկեն հույս են հայտնել, որ արդեն այս տարի կփորձեն պայքարել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:
Եթե երկուշաբթի երեկոյան «կարմիրները» հաղթանակ տանեն «Սուոնսիին» հյուրընկալվելիս, ապա 3 միավորով կմեծացնեն իրենց առավելությունը մրցակիցների նկատմամբ:
-Մենք բարձրակարգ հարձակման գիծ ունենք: Դանիել Սթարիջի և Լուիս Սուարեսի հետ մենք կարող ենք ցանկացած պաշտպանություն հաղթահարել: Միանշանակ, այս մրցաշրջանում մեր կողմից չեմպիոնության համար պայքարելն անմտություն չի լինի,- Ասպասի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
Էնրիկեն համաձայնվում է իր հայրենակցի հետ և կարծում է, որ Պրեմիեր Լիգան հաղթելն իրատեսական նպատակ է:
-Երբեք չես իմանա, թե ամեն ինչ ինչպես կդասավորվի, սակայն մենք պետք է իրատես լինենք: Մեր նպատակն ուժեղագույն քառյակում լինելն է, սակայն ես հույս ունեմ, որ մենք կպայքարենք տիտղոսի համար, դա անհնար բան չէ,- Goal-ի հետ հարցազրույցում հայտնել է Էնրիկեն: