«Արսենալի» 31-ամյա պաշտպան Բակարի Սանյան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հաղորդում է The Telegrpah պարբերականը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը նոր պայմանագրի հարցում դեռևս համաձայնության չի եկել «Արսենալի» հետ: Ամենայն հավանականությամբ, ամռանը Սանյան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի և կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ:
Աղբյուրի հաղորդմամբ, փորձառու պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին, ում թիմն առաջիկա հանգստյան օրերին Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմեկնի «Էմիրեյթս»:
Ժամանակին «Սիթին» «Արսենալից» գնել է Կոլո Տուրեին, Էմանուել Ադեբայրին, Գաել Կլիշիին և Սամիր Նասրիին: Նրանց կարող է միանալ նաև Սանյան: Բակարիի միջոցով Պելեգրինին ցանկանում է մեծացնել մրցակցությունն իր թիմի պաշտպանության աջ եզրում, որտեղ Պաբլո Սաբալետան գործնականում մրցակից չունի: Սանյան կարող է խաղալ նաև պաշտպանության կենտրոնում, որը «Սիթիի» ամենամեծ խնդիրներ ունեցող գոտին է: