«Տոտտենհեմն» իր կիսապաշտպան Պաուլինյոյին վաճառեց չինական «Գուանչժոու Էվերգրանդին»՝ ստանալով 9,9 մլն ֆունտ:
Հիշեցնենք, որ Պաուլինյոն լոնդոնցիների այն նորեկներից էր, որ ակումբը գնեց Գարեթ Բեյլին «Ռեալին» վաճառելուց հետո: Այդ ժամանակ՝ 2013թ-ի ամռանը, «Տոտտենհեմը» բրազիլիացու համար վճարեց 17 մլն ֆունտ:
Սակայն Պաուլինյոյի համար «Ուայթ Հարթ Լեյն» տեղափոխվելը սխալ որոշում էր: Լոնդոնյան ակումբում անհաջող ելույթների պատճառով 26-ամյա բրազիլիացին կորցրեց տեղը նաև իր երկրի ազգային հավաքականում, և արդյունքում «Տոտտենհեմը» որոշեց վաճառել ֆուտբոլիստին:
Ավելացնենք, որ «Գուանչժոու Էվերգրանդում» Պաուլինյոն կաշխատի Բրազիլիայի հավաքականի նախկին մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարիի հետ: