«Տոտտենհեմը» Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ «Ուեմբլի» մարզադաշտը վարձակալելու հետ կապված։
Ինչպես արդեն հայտնել էինք, ակումբն այժմ կառուցում է իր նոր՝ 61 հզր տեղանոց մարզադաշտը, որի պատճառով հաջորդ մրցաշրջանում հնարավոր չի լինի օգտագործել «Ուայթ Հարթ Լեյնը» ողջ ծավալով։
«Տոտտենհեմը» Չեմպիոնների Լիգայի 2016/17 մրցաշրջանի իր տնային խաղերը կանցկացնի «Ուեմբլիում»։ Բացի այդ, կողմերը համաձայնության են եկել 2017/18 մրցաշրջանի համար։ Հյուսիսլոնդոնցիներն մեկ տարի հետո Անգլիայի առաջին մարզադաշտը կօգտագործեն արդեն նաև իրենց բոլոր տնային խաղերի համար։
֊Հաշվի առնելով հաջորդ մրցաշրջանում «Ուայթ Հարթ Լեյնի» նստատեղերի կրճատումը և Չեմպիոնների Լիգայի տոմսերի պահանջարկը՝ «Ուեմբլին» օգտագործելը մեզ թույլ կտա բավարարել տոմսերի ողջ պահանջարկը։
Մեր կանխատեսումներով այն կկազմի մոտ 50 հզր տոմս և մենք հնարավորություն կունենանք ավելի շատ երկրպագուների առջև հանդես գալ Չեմպիոնների Լիգայում,֊ ասել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին։