Հարձակվող Նեյմարը պատրաստ է հաջորդ ամառ հեռանալ «ՊՍԺ»-ից և իր ֆուտբոլային կարիերայի շարունակությունը տեսնում է Պրեմիեր լիգայում:
Դեռևս փետրվարին միմյանց հանդիպել էին «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին և «Չելսիի» սեփականատեր Թոդ Բելին՝ քննարկելու Նեյմարի տեղափոխության հարցը:
Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ հղում անելով բրազիլական աղբյուրներին, այդ ժամանակվանից ի վեր երկու ակումբները կապի մեջ են Նեյմարի շնորհիվ։ Նշվում է նաև, որ Բելին փարիզյան ակումբի 10-րդ համարի մեծ երկրպագու է:
Նեյմարի պայմանագրի ավարտին մնացել է չորս տարի, սակայն «ՊՍԺ»-ն պատրաստ է 31 ամյա բրազիլացուն բաց թողնել եկող տրանսֆերային պատուհանի ժամանակ, եթե համապատասխան առաջարկ ստանա:
Ինքը՝ Նեյմարը, ով այժմ ապաքինվում է կոճի վիրահատությունից հետո, ի սկզբանե ցանկություն չուներ հեռանալու Փարիզից, սակայն վերջին շաբաթներին նա մտափոխվել է և այժմ բաց է ակումբ փոխելու մտքի առաջ։
Նեյմարն այլևս իրեն լավ չի զգում «ՊՍԺ»-ում և կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում իր համար ավելի լավ կլինի ֆուտբոլ խաղալ այլ առաջնությունում:
Նեյմարը Պրեմիեր լիգան դիտարկում է որպես իր հիմնական նպատակակետ, բայց նույնիսկ անգլիական գրանդներին դժվար կլինի իրենց թույլ տալ բրազիլացու տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձը, չխոսելով նրա տրանսֆերի համար պահանջվող մեծ գումարների մասին:
Հաղորդվում է նաև, որ Նեյմարը բացառում է իր վերադարձը Բրազիլիա, իսկ Իսպանիայում նա իրեն որևէ այլ թիմում չի տեսնում, բացառությամբ «Բարսելոնայի», որը 2017 թվականի ամռանը նրա տրանսֆերը վաճառեց «ՊՍԺ»-ին 222 միլիոն եվրոյով։