«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ հույս ունի տեսնելու իր պաշտպան Վիլյամ Սալիբայի վերադարձը խաղադաշտ նախամրցաշրջանային փուլում:
Այս մրցաշրջանում «Արսենալի» առանցքային խաղացողներից մեկը՝ Սալիբան, վնասվածք ստացավ մարտի 16-ին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Սպորտինգի» դեմ:
Սալիբայի վերականգնումը երկար է ձգձգվում, և Վիլյամը բաց կթողնի նաև «Վուլվերհեմպտոնի» դեմ մրցաշրջանի վերջին հանդիպումը, սակայն 22 ամյա ֆրանսիացու վերականգնման գործընթացում առաջընթաց է գրանցվել:
«Դեռ վաղ է խոսել, բայց գործընթացը ճիշտ ուղղությամբ է ընթանում»:
«Վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը ավելի դրական է թվում, քան նախորդ երկու ամիսներին: Դա այն վնասվածքն է, որը որոշակի խնամքի և ուշադրության կարիք ունի»:
«Մենք բավականին պահպանողական ենք նրա նկատմամբ և ցանկանում ենք լավագույն հնարավորությունները տալ նրան լավ նախամրցաշրջանային փուլ անցկացնելու համար, իսկ հետո շարունակել նույն մակարդակով նաև հաջորդ մրցաշրջանը», – Արտետայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: