«Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան նոր պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, գործարքը համաձայնեցվել է նախորդ ամիս, և այժմ Սալիբան այն ստորագրել է։
Սալիբայի աշխատավարձն այժմ կհասնի մինչև 10 մլն ֆունտի: Ի տարբերություն «Արսենալի» այլ խաղացողների հետ նոր պայմանագրերի, Վիլյամի գործարքը չի ներառում 12 ամսով երկարաձգման տարբերակ:
Նշենք, որ Սալիբայի նախորդ պայմանագրի ավարտին մնացել էր ընդամենը մեկ տարի, և մամուլը պարբերաբար շահարկում էր 22 ամյա ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրություն ունեցող ակումբների անունները, այդ թվում՝ ՊՍԺ-ի:
Սալիբան միացել է «Արսենալին» 2019 թվականին, բայց «զինագործների» կազմում իր նորամուտը նշեց միայն անցյալ ամռանը։ Իր նորամուտի մրցաշրջանում Սալիբան կարողացավ փայլուն խաղ ցուցադրել և ամրապնդվեց թիմում որպես առանցքային խաղացող: