«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հայտարարել է, որ եզրային հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյի սկանդալային թվիթը չի խաթարել իր թիմի համախմբվածությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ ՖԱ-ն բացատրություն է պահանջել Գարնաչոյից այն բանից հետո, երբ 19 ամյա արգենտինացին սոցցանցում գրառում է կատարել «Յունայթեդի» իր գործընկեր Անդրե Օնանայի մասին։
Գարնաչոն Օնանայի հետ լուսանկարն մակագրել է գորիլաների տեսքով երկու «էմոջիներով», որոնք կարող են դիտվել որպես ռասիստական երանգավորումներ:
Տեն Հագը հաստատում է կապը Ասոցիացիայի հետ, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ Օնանան և թիմի մնացած անդամները աջակցում են Գարնաչոյին:
«Արդյո՞ք ինձ անհանգստացնում է Գարնաչոյի հնարավոր պատիժը, այս պահին ոչ: Մենք խոսում ենք ՖԱ-ի հետ, ես կարող եմ դա հաստատել»:
«Ցանկանում եմ ընդգծել, որ մենք միասին ենք, մնում ենք միասնական: Դուք ինքներդ տեսաք Անդրե Օնանայի հարցազրույցը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։