«Արսենալը» կպատժի «զինագործների» այն երկրպագուին, ով հյուսիսլոնդոնյան դերբիում բանան նետեց «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլի վրա: Այդ միջադեպը տեղի է ունեցել խաղի 27-րդ րոպեին, երբ Բեյլը պատրաստվում էր իրացնել անկյունայինը:
Ոստիկանությունը և ակումբի անվտանգության աշխատողներն ուսումնասիրել են այդ դրվագի տեսագրությունը և քննել են վկաներին:
Նշենք, որ դեռ խաղից առաջ երկու ակումբները զգուշացրել էին իրենց երկրպագուներին, որ ցանկացած անկարգություն շատ խիստ կպատժվի: Եվ այժմ, ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Բեյլի վրա բանան նետած երկրպագուին անգլիական ֆուտբոլային հանդիպումների ժամանակ կարգելվի մուտք գործել մարզադաշտ:
-Ոստիկանությունը քննել է վկաներին, ովքեր տեսել են այդ պահը: Ոչ ոք չի ձերբակալվի: Մենք կշարունակենք հարցում կատարել օրինազանցի անձը ճշտելու համար,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: