ՈՒԵՖԱ-ն հետաձգել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանիի և գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի պատիժների վերաբերյալ որոշումը: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն քննում է նրանց մասնակցությամբ դրվագները «Ռեալի» դեմ խաղի ժամանակ:
Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպման երկրորդ խաղակեսում Նանին հեռացվեց դաշտից: Մնալով 10 ֆուտբոլիստներով՝ «կարմիր սատանաները» բաց թողեցին երկու գնդակ և դուրս մնացին հետագա պայքարից:
Կարմիր քարտի համար Նանիին սպառնում է որակազրկում 1 խաղով: Եթե ՈՒԵՖԱ-ն որոշի, որ պորտուգալացին չափազանց վտանգավոր է խաղացել, ապա նրան կարող է որակազրկել մինչև երեք խաղով:
Իր վճռին է սպասում նաև Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ով չէր ներկայացել հետխաղյա մամլո ասուլիսին: Մասնագետին սպառնում է տուգանք կամ որակազրկում:
Ըստ երևույթին, ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները չունեն միասնական կարծիք կատարվածի վերաբերյալ: