«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը գոհ է, որ իր վետերան Լեոն Օսմանը նորից հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական:
Օսմանը նոյեմբերին է առաջին անգամ խաղացել ազգային հավաքականի մարզաշապիկով: Շատերն այդ ժամանակ որոշեցին, որ նա այլևս դաշտ դուրս չի գա հավաքականի կազմում:
Մինչդեռ այնուհետև 31-ամյա կիսապաշտպանը հրավիրվեց Բրազիլիայի հետ ընկերական խաղին, իսկ այժմ նաև Աշխարհի առաջնության ընտրական փուլի Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հետ հանդիպումներին:
-Շատ ուրախ եմ նրա համար, որովհետև նա այն խաղացողներից է, որոնք մեզ առաջ են տանում մրցաշրջանի ընթացքում:
Այո, երբեմն նա խաղացել է ոչ իր հնարավորությունների չափով: Դա պատահում է բոլոր ֆուտբոլիստների հետ, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս:
Օսմանը հիանալի է գործում և շատ ժամանակ մեզ առաջ է տանում: Ես նրան տարբեր առաջադրանքներ եմ տալիս, որոնք նա անում է ամբողջությամբ: Նա կարևորագույն գոլեր է խփել: Կարծում եմ, որ նա իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Էվերթոնի» կազմում:
Նա բացառապես օգտակար է, և ես ուրախ եմ, որ նա նորից հրավեր է ստացել Անգլիայի հավաքականից,- հայտնել է Մոյեսը «իրիսկաների» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: