Կիրակի օրը կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հավաստիացրել է, որ իր ակումբը հարգանքով է վերաբերվում մրցակցի հարձակվող Ռոբին վան Պերսիին:
Այս հանգստյան օրերին վան Պերսին «Արսենալից» տեղափոխվելուց հետո առաջին անգամ Էմիրեյթս կգա որպես «կարմիր սատանաների» ֆուտբոլիստ: «Զինագործների» երկրպագուները պատրաստվում են խոչընդոտել 29-ամյա հոլանդացուն, մինչդեռ Վենգերը հույս ունի, որ Ռոբինին լավ կընդունեն:
-Մենք միշտ էլ հարգում ենք այն խաղացողներին, որոնք երկար ժամանակ հանդես են եկել մեր կազմում, և լավ ենք նրանց վերաբերվում ինչպես խաղից առաջ, այնպես էլ հետո,- հայտնել է Վենգերը The Independent պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Բացի այդ, Արսենը հորդորել է իր թիմին ուշադրություն չդարձնել «Յունայթեդի» չեմպիոնական կարգավիճակի վրա:
-Նրանք չեմպիոն են, թե ոչ, ամեն ինչ նույնն է մնում: Ցանկանում եմ, որ մենք լավ հանդիպում անցկացնենք և հաղթենք նրանց: Այնպես որ ոչ մի նշանակություն չունի, թե նրանք ինչ կարգավիճակով են ժամանում,- ավելացրել է մասնագետը: