Անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Լիվերպուլ քաղաքում: Ակումբն Անգլիայի Բարձրագույն դիվիզիոնում անցկացրել է ռեկորդային 109 մրցաշրջան: Թիմը մասնակցել է ավելի շատ առաջատար լիգայի խաղերի, քան որևէ այլ անգլիական թիմ և 9 անգամ հաղթել է այն:
Ձևավորված լինելով 1878թ-ին`«Էվերթոնը» 1888թ-ին դարձել է Ֆուտբոլի Լիգայի հիմնադիր անդամ և 2 մրցաշրջան հետո հաղթել այն: Լիգայի 4 տիտղոս և Անգլիայի Գավաթի 2 հաղթանակ ձեռք բերելուց հետո «Էվերթոնը» հետպատերազմյան շրջանում նահանջեց, և միայն 1960-ականներին հաղթեց լիգայի 2 առաջնությունում և Անգլիայի Գավաթում: 1980-ականների կեսերին թիմն ունեցավ վերջին շրջանի մեծ հաջողություններ` լիգայի 2 առաջնությունում հաղթանակ, Անգլիայի Գավաթ, իսկ 1985 թ-ին ձեռք բերած Եվրոպայի գավաթակիրների Գավաթը նրանց առաջին մայրցամաքային ձեռքբերումն էր: Ակումբի վերջին խոշոր ձեռքբերումը եղել է 1995թ-ի Անգլիայի Գավաթը:
«Էվերթոնը» երկրպագուների մեծ բանակ ունի. յուրաքանչյուր խաղին ներկա է լինում ավելի քան 36,000 երկրպագու, այսինքն մարզադաշտի տեղերի 95%-ը: «Էվերթոնը» մրցակցության մեջ է հարևան «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի հետ, և երկու կողմերն էլ պարբերաբար մրցում են Մերսիսայդյան դերբիում: 1892 թ-ից ակումբը հաստատվում է ներկայիս գլխավոր մարզադաշտում` «Գուդիսոն Պարկում»:
Ակումբի տնային համազգեստի գույները 1901-02 մրցաշրջանից ի վեր ավանդական արքայական կապույտն ու սպիտակն են:
Ակումբի ամենահայտնի ֆուտբոլիստը Դիքսի Դին է, ով 1927-28 մրցաշրջանում դարձել է ռեկորդային 60 գոլի հեղինակ: