«Բարսելոնան» պատրաստվում է ամռանը 25 մլն ֆունտի առաջարկել «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզի համար:
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից կհեռանա փորձառու պաշտպան Կառլես Պույոլը: «Բարսելոնան» ցանկանում է նրա փոխարեն ակումբ հրավիրել Դավիդ Լուիզին:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Իսպանիայի գործող չեմպիոնը պատրաստ է Լուիզի համար 30 մլն եվրո (24.7 մլն ֆունտ) վճարել:
«Բարսելոնան» բրազիլիացի պաշտպանի համար 20 մլն ֆունտի առաջարկ էր արել նաև ամռանը, սակայն այդ ժամանակ «Չելսի» վերադարձած Ժոզե Մոուրինյոն մերժեց առաջարկը: Որպեսզի ցրի իր ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրությունը, լոնդոնյան ակումբը պահանջեց 50 մլն ֆունտ:
Այժմ Ժոզեն կարող է բաց թողնել Դավիդին, քանի որ հաջորդ մրցաշրջանից նրանց կմիանա տաղանդավոր ֆուտբոլիստ Կուրտ Զուման, ում «կապույտները» գնեցին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: