«Ասթոն Վիլայի» փլեյմեյքեր Ֆիլիպե Կոուտինյոն հերքել է բիրմինգհեմյան ակումբից հեռանալու մասին լուրերը։
Հունվարին «Բարսելոնայից» վարձավճարով «Վիլա» տեղափոխվելով՝ Կոուտինյոն անցյալ ամառ մշտական պայմանագիր կնքեց «առյուծների» հետ:
Սակայն այս մրցաշրջանում 30 ամյա բրազիլացին մեկնարկային կազմում անցկացրել է ընդամենը վեց հանդիպում ու ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։
Մամուլում նույնիսկ լուրեր էին տարածվել, որ Կոուտինյոն պատրաստվում է հունվարին հեռանալ «Վիլայից», սակայն «Լիվերպուլի» նախկին խաղացողն այլ մտադրություններ ունի:
«Վերջին օրերին իմ անվան հետ կապված բազմաթիվ լուրեր եմ տեսնում, խնդիրն այն է, որ սուտը սկսել է ի հայտ գալ, և ես այստեղ եմ իրավիճակը պարզելու համար»։
«Ես երբեք չեմ խնդրել հեռանալ ակումբից և երբեք նման խոսակցություն չի եղել, քանի որ ես երջանիկ եմ այստեղ, ինչպես և իմ ընտանիքը»։
«Ես կենտրոնացած եմ միայն վնասվածքիցս ապաքինվելու վրա: Ամեն օր առավելագույն նվիրումով եմ աշխատում, որպեսզի բարձր մակարդակով խաղամ և օգնեմ իմ ակումբին ու թիմակիցներին հասնել մեր նպատակներին»,- գրել է Կոուտինյոն Instagram-ում: