Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել մրցաշարային աղյուսակի երկու առաջատարներ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ինչպես և սպասվում էր, մենք ականատես եղանք անզիջում և գեղեցիկ պայքարի, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը: Բրենդան Ռոջերսի սաները բարձր մակարդակով անցկացրին հատկապես առաջին խաղակեսը, որն ավարտեցին 2 գնդակի առավելությամբ: Գոլերի հեղինակ դարձան Ռահիմ Ստերլինգը և Մարտին Շկրտելը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից իրավիճակը կտրուկ փոխվեց և ավելի վտանգավոր սկսեցին գրոհել «քաղաքայինները», ինչի շնորհիվ 17 րոպեում վերականգնեցին հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Դավիդ Սիլվան, մեկ անգամ էլ գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Գլեն Ջոնսոնը: Սակայն «կարմիրները» շարունակեցին պայքարել և 78-րդ րոպեին խփեցին հաղթական գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինյոն:
«Լիվերպուլը» կարևոր խաղում հաղթեց 3:2 հաշվով և չեմպիոնության լուրջ հայտ ներակայացրեց: Այժմ մերսիսայդյան ակումբը վաստակած 77 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Ստերլինգ՝ 6ր, Շկրտել՝ 26ր, Սիլվա՝ 57ր, Ջոնսոն՝ 62ր (ինքն.), Կոուտինյո՝ 78ր:
Հեռացում. Հենդերսոն՝ 90ր: