«Մանչեսթեր Սիթիի» փլեյմեյքեր Դավիդ Սիլվան չի հասկանում, թե ինչն է իր թիմակից Յայա Տուրեին դժգոհության պատճառը: Ինչպես գիտենք, իվուարցի կիսապաշտպանը հիասթափվել էր, որ «քաղաքայինների» ղեկավարները չէին շնորհավորել իր 31-ամյակը: Տուրեն իր գործակալի միջոցով հայտնեց ակումբը փոխելու մտադրության մասին:
Սակայն Սիլվան, ով արդեն չորս տարի Յայայի հետ խաղում է նույն թիմում, հայտնել է, որ երբեք նրան վատ տրամադրությամբ չի տեսել:
-Երկար տարիներ է, ինչ խաղում եմ նրա հետ և ես միշտ կարծել եմ, որ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մտածում են, թե Յայան երջանիկ չէ այստեղ,- Սիլվայի խոսքերն է մեջբերում Four Four Two-ն:
Ինչ վերաբերվում է անձամբ իր ապագային, ապա, չնայած իսպանական գրանդների հետաքրքրությանը, Դավիդը մտադիր է շարունակել իր ելույթները «Էթիհադում»: