Պրեմիեր Լիգան պաշտոնապես հաստատել է, որ «Վեստ Հեմ Յունայթեդը», շնորհիվ ֆեյր-փլեյում ունեցած բարձր ռեյտինգի, ստացել է Եվրոպա Լիգայի մասնակցության հնարավորություն:
Հիշեցնենք, որ Անգլիան դարձավ այն երեք երկրներից մեկը, որոնք ֆեյր-փլեյի աղյուսակում ունեցել են բարձր դիրք և ՈՒԵՖԱ-ի կողմից ստացել են Եվրոպայի՝ կարևորությամբ երկրորդ առաջնության լրացուցիչ ուղեգիր:
Այդ ուղեգիրը, ինչպես նաև 30 հզր ֆունտ մրցանակը բաժին հասավ «Վեստ Հեմին», որն էլ գլխավորում է Պրեմիեր Լիգայի արդար խաղի աղյուսակը: Սակայն լոնդոնյան ակումբը Եվրոպա Լիգայում իր ուղին պետք է սկսի որակավորման առաջին փուլից, որին նաև մասնակցելու են Երևանի «Ուլիսը» և Գյումրիի «Շիրակը»:
Այս պարագայում, «Վեստ Հեմի» համար 2015/16 մրցաշրջանը կսկսվի արդեն հուլիսի 2-ին: Սեմ Էլլարդայսին հեռացնելուց հետո առանց գլխավոր մարզչի մնացած «Վեստ Հեմն» իր մրցակցի անունը կիմանա հունիսի 22-ին: Չի բացառվում, որ հայ ֆուտբոլասերները Պրեմիեր Լիգայի գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրող ակումբներից մեկին Երևանում (Գյումրիում) տեսնելու հնարավորություն կունենան: