«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ ցանկանում է մրցաշրջանի մնացած հատվածում փոխարինել Լուիս Սուարեսին:
Սուարեսի որակազրկման սկիզբը համընկնել է Բորինիի վերադարձի հետ: Ֆաբիոն փոխարինման դուրս եկավ «Նյուքասլի» հետ խաղի ժամանակ և գրեթե միանգամից գոլի հեղինակ դարձավ: Այժմ իտալացին հույս ունի, որ Լուիսի հարկադրված բացակայությունը կօգնի իրեն դրսևորվել:
-Ես երկար ժամանակ բուժվում էի և երկար եմ սպասել, որ գոլ խփեմ Պրեմիեր Լիգայում: Դժվար է եղել: Ես վնասել էի ուսս, և ինձ ասել էին, որ մրցաշրջանը կարող է ավարտված լինել ինձ համար: Մինչդեռ ես ապաքինվեցի և ինձ իսկապես անհրաժեշտ էր ավելի շուտ վերադառնալ:
Ես սկսեցի մարզվել վիրահատությունից 8 շաբաթ անց՝ 12-ի փոխարեն: Որոշ մարդիկ չէին հավատում ինձ, սակայն ես կարողացա:
Ես ի վիճակի եմ կարևոր դեր խաղալ և ոչ թե այն պատճառով, որ Լուիսը որակազրկված է, այլ որ ես լավ մարզավիճակում եմ: Լուիսը հասանելի է, թե ոչ, մենք բոլորս կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա,- հայտնել է Ֆաբիոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: