«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մտածում է Անգլիա վերադառնալու մասին: Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբներն ուշադիր հետևում են զարգացող իրադարձություններին:
Նախորդ ամառ կատալոնական ակումբը 71.5 մլն ֆունտ ծախսեց Նեյմարին գնելու համար, իսկ մի քանի ամիս առաջ երկարաժամկետ պայմանագիր ստորագրեց Լիոնել Մեսսի հետ՝ տարեկան 16.3 մլն ֆունտ աշխատավարձով:
Այժմ «Բարսելոնան» մտածում է բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկից բաժանվելու մասին, և դա կարող է լինել Ֆաբրեգասը: Սեսկին դուր է գալիս Անգլիա վերադառնալու տարբերակը:
-Մենք այժմ ոչ մի որոշում չենք ընդունի: Ամեն ինչ՝ իր ժամանակին,- ասել է «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, երբ նրան հարցրել են Ֆաբրեգասի հավանական տրանսֆերի մասին:
The Telegraph-ի հաղորդմամբ, Ֆաբրեգասին ցանկանում են իրենց կազմում տեսնել «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Որոշ լուրերի համաձայն, «Արսենալը» Ֆաբրեգասին 25 մլն ֆունտով հետ գնելու իրավունք ունի, եթե «Բարսելոնան» որոշի վաճառել Սեսկին: