«Էվերթոնի» ավագ Ֆիլ Նևիլը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
-Ինձ համար մեծ պատիվ էր հանդես գալ «Էվերթոնի» կազմում և լինել թիմի ավագը: Ես հաճույք եմ ստացել այստեղ անցկացրած ժամանակից: Ակումբից հեռանում եմ հպարտությամբ:
Կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի գլխավոր մարզչին, նախագահին, ինչպես նաև «Էվերթոնի» բոլոր խաղացողներին և սպասարկող անձնակազմին այն աջակցության համար, որ ցույց են տվել ինձ այս տարիների ընթացքում: Բացի այդ ցանկանում եմ հատուկ շնորհակալությունս հայտնել ակումբի անհավանական երկրպագուներին, որոնք միշտ կմնան իմ սրտում:
Ցանկանում եմ շարունակել հանդես գալ բարձր մակարդակի վրա, մինչ իմ ֆիզիկական մարզավիճակը թույլ կտա: Մինչ որոշում կայացնելը, մանրամասն կուսումնասիրեմ բոլոր տարբերակները: Իսկ մինչ այդ կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Էվերթոնին»՝ զբաղեցնելու առավել բարձր հորիզոնական Պրեմիեր Լիգայում,- ասել է Նևիլը:
Ֆիլ Նևիլը դարձել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ 2005 թվականից: Այս ամբողջ ընթացքում նա 303 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում և խփել 8 գնդակ: 2007 թվականին Ֆիլը դարձավ թիմի ավագ: Նևիլն այն յոթ ֆուտբոլիստներից է, որոնք ավելի քան 500 հանդիպում են անցկացրել Պրեմիեր Լիգայում:
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը 25 հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր առաջնություններում: