«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հուսով է, որ հաջորդ շաբաթվանից կմասնակցի լիարժեք ծրագրով մարզումներին:
Արգենտինացի ռմբարկուն, ով ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում 26 գոլի հեղինակ է դարձել, հունվարից բացակայում է ազդրի վնասվածքի պատճառով: Չնայած նախնական կանխատեսումներին, նա չկարողացավ մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը:
Ագուերոն չի կարողանա մասնակցել նաև «Ստոկ Սիթիի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղին, սակայն հաջորդ շաբաթվանից նա կրկին Մանուել Պելեգրինիի տրամադրության տակ կլինի:
«Այժմ ինձ շատ լավ եմ զգում: Եթե շարունակեմ նույն տեմպով, ապա հաջորդ շաբաթվանից կմիանամ թիմին»,- թվիթերյան իր էջում գրել է Ագուերոն: