«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն և «Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
«Քաղաքայինների» հարձակման գծի առաջատարը հունվարը սկսեց «Ուոթֆորդի» դեմ հաղթական գոլով։ Հետո Ագուերոն իր անվան դիմաց ևս չորս գոլ ավելացրեց՝ դուբլ ձևակերպելով «Վեստ Հեմի» և «Կրիստալ Փելեսի» հետ խաղերում։
27-ամյա Սերխիոյի համար սա արդեն երրորդ նմանատիպ մրցանակն է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուց հետո։ Ագուերոն այս կոչմանն արժանացել է նաև 2013 թվականի հոկտեմբերին և 2014 թվականի նոյեմբերին։
Պակաս հաջող չէր նախորդ ամիսը նաև «Սաութհեմպտոնի» համար։ «Նորվիչից» կրած պարտությունից հետո Կումանի սաները երեք անընդմեջ հաղթանակ տարան «Ուոթֆորդի», «Վեստ Բրոմվիչի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։
Անգնահատելի է Ռոնալդի ավանդն այս հաջողության մեջ, ով փոխեց թիմի մարտավարությունը։ Երեք պաշտպանով խաղային տակտիկան արդարացրեց իրեն և «սրբերը» սկսեցին ավելի վստահ գործել պաշտպանությունում։