«Լիվերպուլի» պաշտպան Տրենդ Ալեքսանդր-Առնոլդը և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Նախորդ ամիս «կարմիրները» հաղթեցին առաջնությունում իրենց բոլոր հինգ խաղերում՝ հերթով առավելության հասնելով «Էվերթոնի» (5:2), «Բորնմուտի» (0:3), «Ուոթֆորդի» (2:0), «Լեսթերի» (0:4) և «Վուլվերհեմպտոնի» (1:0) նկատմամբ։
21-ամյա Ալեքսանդր-Առնոլդը մասնակցել է այդ հինգ խաղերին՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Տրենտը «Լիվերպուլին» օգնել է նաև այդ խաղերից երեքում դարպասն անառիկ պահել։
«Լիվերպուլի» պաշտպանից բացի ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար ներկայացված էր Էմիլիանո Բուենդիայի, Դոմինիկ Կալվերտ-Լևինի, Քևին Դե Բրույնեի, Բեն Ֆոսթերի, Դենի Ինգսի, Ադամ Տրաորեի և Ջեյմի Վարդիի թեկնածությունները։
Ամսվա լավագույն մարզչի մրցանակն այս մրցաշրջանում չորրորդ անգամ բաժին հասավ Կլոպին, ով դեկտեմբերին իր ակումբի հետ դարձավ նաև Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։ Այս ցուցանիշով Յուրգենը կրկնեց Պեպ Գվարդիոլայի 2017/18 մրցաշրջանի ռեկորդը՝ 4 մրցանակ 1 մրցաշրջանում։
Իր ողջ կարիերայի ընթացքում Կլոպը 7 անգամ է ճանաչվել ամսվա լավագույն մարզիչ, ինչպես և Գվարդիոլան։ Ընդամենը 5 մասնագետ են այդ մրցանակն ավելի շատ ստացել։
Ամսվա լավագույն մարզչի համար պայքարում էին նաև Նայջլ Պիրսոնը և Օլե Գուննար Սուլշերը։