Չնայած ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուն` «Արսենալը» կշարունակի աշխատանքները տրանսֆերային շուկայում: Ակումբի սկաուտները կդիտարկեն որոշ հավանական տարբերակներ հունվարին ձեռք բերելու համար:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «զինագործների» մարզչական շտաբը գոհ է պաշտպանության աշխատանքից և նոր դարպասապահ և պաշտպաններ չի փնտրի: Ակումբը նոր պայմանագրեր կառաջարկի Բակարի Սանյային և Պեր Մերտեզակերին, որոնց` ակումբից հեռանալու մասին ամենաշատն էր խոսվում:
Միևնույն ժամանակ «Արսենալի» սկաուտները կշարունակեն հետևել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Լուիս Սուարեսին և Ուեյն Ռունիին` համապատասխանաբար: Եթե նրանց գործերն իրենց ակումբներում լավ չընթանան, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կշտապի նրանց ձեռք բերել ձմռանը: «Արսենալը» շարունակում է նաև հետաքրքրվել «Բայերի» կիսապաշտպան Լարս Բենդերով: