Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի բացումը տրվեց անչափ դրամատիկ հյուսիսլոնդոնյան դերբիում: «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում ընդունեց սկզբունքային մրցակից «Տոտենհեմ»-ին:
Չնայած խաղից առաջ Վենգերը մտահոգություն էր հայտնել որոշ առաջատարների մասնակցության հարցում, սակայն երկու թիմերն էլ դաշտ էին դուրս բերել իրենց մարտական կազմը:
Փոփոխություն էր տեղի ունեցել երկու թիմերի դարպասում էլ: Երկար բացակայությունից հետո «Արսենալի» դարպասում էր Վոյցեխ Շեսնին: Վիլաշ-Բոաշն էլ անակնկալ որոշում էր կայացրել՝ դաշտ դուրս բերելով Ուգո Լյորիսին:
Առաջին իսկ րոպեյից խաղը ընթացավ լարված տեմպով: 10-րդ րոպեյին Ադեբայորը առաջինը հասավ Շեսնիի հետ մղած գնդակին և դարձավ գոլի հեղինակ: Ընդհամենը 8 րոպե հետո դարձյալ Ադեբայորը աչքի ընկավ, սակայն այս անգամ կարմիր քարտով: Արսենալը կարողացավ օգտագործել թվային առավելությունը և 24-րդ րոպեյին հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Գոլի հեղինակ դարձավ գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը: Մինչև 42-րդ րոպեն թիմերը հավասար պայքարում անցկացրին: Սակայն ի վերջո զգացնել տվեց 1 խաղացողի բացակայությունը «Տոտենհեմ»-ում: Առաջին խաղակեսի վերջնամասում աչքի ընկան Լուկաս Պոդոլսկին՝ 2:1 և Օլիվյե Ժիրուն՝ 3:1:
Երկրորդ խաղակեսը «Տոտենհեմ»-ը սկսեց երկու փոխարինմամբ: Դաշտ դուրս եկան Կլինտ Դեմպսին և Մայքլ Դոուսոնը:
10 ֆուտբոլիստով մնացած հյուրերը շատ ակտիվ սկսեցին, սակայն 60-րդ րոպեյին բաց թողեցին 4-րդ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Սանտի Կազորլան՝ 4:1:
Սակայն «Տոտենհեմ»-ը չհանձնվեց և 71-րդ րոպեյին կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Անհատական խաղով «Արսենալ»-ի պաշտպաններին անցավ Գարեթ Բեյլը և հաշիվը դարձրեց 4:2:
«Արսենալի» հաղթանակը ավելի խոշոր դարձրեց Թեո Ուոլկոտը՝ 5:2:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» շրջանցեց «Տոտենհեմին» և բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Ադեբայոր՝ 10ր, Մերտեզակեր՝ 24ր, Պոդոլսկի՝ 42ր, Ժիրու՝ 45ր, Կազորլա՝ 60ր, Բեյլ՝ 71ր, Ուոլկոտ՝ 91ր