Այս շաբաթ արդեն պարզ կդառնա «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի ապագան: Երկուշաբթի օրը «Սիթիի» ղեկավարությունը հանդիպելու է «Միլանի» իրենց գործընկերների հետ, որպեսզի քննարկեն Բալոտելլիի տրանսֆերի պայմանները:
Հանգստյան օրերին «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտնեց, որ «քաղաքայինները» 37 մլն եվրո (31 մլն ֆունտ) են պահանջում Մարիոյի համար:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Guardian պարբերականը, բանակցությունների արդյունքում հնարավոր է «Սիթին» նվազեցնի պահանջվող գումարը մինչև 24 մլն ֆունտ: Սակայն եթե սա էլ ձեռնտու չլինի իտալական ակումբին, «Սիթին» պատրաստ է վարձավճարով հանձնել ֆուտբոլիստին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա իտալացին ընդամենը 7 անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում և խփել է ընդամենը 1 գնդակ: Բալոտելլին հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում: Մեկ հրաժարվում է վճարել ակումբի կողմից ներկայացված տուգանքները, մեկ ընդհարվում գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ: