«Տոտտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ նման խաղով իր թիմը նորից կարող է «Էնֆիլդը» դարձնել անառիկ ամրոց:
Կիրակի օրը «կարմիրները» որակապես հարուստ խաղ ցուցադրեցին՝ հաղթելով իրենցից ոչ պակաս նպատակասլաց մրցակցին: Ռոջերսը կարծում է, որ ոչ մեկի համար հեշտ չի լինի «Էնֆիլդում», եթե իր թիմը շարունակի խաղալ նույն ոգով:
-Մենք ցույց տվեցինք անկոտրում խառնվածք: Թիմի համախմբվածությունն ու տրամադրվածությունը օգնում են մեզ «Էնֆիլդը» դարձնել անառիկ մի վայր, որտեղ ոչ մեկի համար հեշտ չի լինում: Կարծում եմ՝ այսօր խաղացողներն ուղղակի հրաշալի էին:
Հիանալի հաղթանակ էր «Տոտտենհեմի» նման անկոտրում թիմի նկատմամբ: Հերթական երեք միավորն էր, և մենք շարունակում ենք առաջ գնալ: Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ 10 հանդիպում կա: Կարևոր չէ, թե որտեղ ես գտնվել մինչ այդ՝ վերևում, թե ներքևում: Դու պետք է գործդ ավարտես, և մենք կենտրոնացած ենք հենց դրա վրա,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports