«Վուլվերհեմպտոնը» մտածում է իր գլխավոր մարզիչ Բրունո Լեյջի հետ բաժանվելու մասին:
Երեկ երեկոյան «Վուլվերհեմպտոնը» 2:0 հաշվով պարտություն կրեց «Վեստ Հեմից»՝ հայտնվելով Պրեմիեր լիգայի անկման գոտում:
«Գայլերը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին ութ խաղերից միայն մեկում են հաղթել: Բացի այդ, Լեյջի սաները խփել են ընդամենը երեք գնդակ՝ ամենաքիչը դիվիզիոնում:
«Գայլերի» ղեկավարները հիասթափված են մրցաշրջանի վատ մեկնարկից՝ ամռանը 100 մլն ֆունտ ծախսելուց հետո և մտածում են Լեյջին պաշտոնանկ անելու մասին, ով նշանակվել էր 15 ամիս առաջ:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, հիասթափված են ոչ միայն «Վուլվերհեմպտոնի» ղեկավարներն ու երկրպագուները, այլև թիմի խաղացողները, ովքեր ավելի ու ավելի շատ հարցեր են ունենում 46-ամյա պորտուգալացու մարզման մեթոդների վերաբերյալ:
Հավելենք, որ արդյունքների ցավալի շարանը ձգվում է նախորդ մրցաշրջանից։ «Գայլերը» Պրեմիեր լիգայի վերջին 15 հանդիպումներից միայն մեկում են հաղթել՝ կրելով ինը պարտություն: