«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «Սանդերլենդը» լուրջ ռիսկի է գնացել մրցաշրջանի ավարտին ակումբը վստահելով Պաոլո Դի Կանիոին:
Մի քանի անհաջող խաղերից հետո, երբ թիմը վտանգավոր գոտուց 1 միավորով էր բարձր, ակումբի ղեկավարությունը որոշեց Մարտին Օ’Նիլին փոխել Դի Կանիոյով:
44-ամյա իտալացին շատ աղքատ մարզչական փորձ ունի: Դի Կանիոն ընդամենը տարիուկես գլխավորել է «Սուիդոն Թաունը»: Նևիլը կարծում է, որ այդ քայլով «կատուները» մեծ ռիսկի են գնացել:
-Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվել: Դա ամենևին նման չէր «Սանդերլենդին»: Եթե տեսնեք նրանց նախկին մարզիչներին. Պիտեր Ռիդ, Նայլ Կունին, Ռոյ Քին, Սթիվ Բրյուս և Մարտին Օ’Նիլ, ապա դուք կնկատեք, որ այս նշանակումը շատ է տարբերվում նախորդներից: Դա քաղաքականության փոփոխություն է: Հնարավոր է, որ Էլլիս Շորտը (ակումբի նախագահը) գնացել է այդ քայլին գիտակցաբար: Դա մեծ ռիսկ է, սակայն մեր կյանքը անբաժան է ռիսկերից,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Նևիլը: