«Վեստ Հեմը» մտածում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ստյուարտ Դաունինգին գնելու համար առաջարկ ներկայացնելու մասին:
«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը ձեռք էր բերել Դաունինգին 2011թ-ին «Աստոն Վիլլայից» 20 մլն ֆունտով: Երկար ժամանակ Ստյուարտը չէր կարողանում իրեն դրսևորել և միայն անցած մրցաշրջանի միջնամասում սկսեց որոշակի ակտիվություն ցուցաբերել:
Ինչպես հայտնում է BBC-ն, Անգլիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված է «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը, սակայն Ստյուարտի հարցով բանակցություններ սկսելու համար դեռևս վերջնական որոշում չի կայացվել: Լուրերի համաձայն, Դաունինգը լոնդոնյան ակումբի տրանսֆերային նպատակներից մեկն է հանդիսանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ամռանը «Վեստ Հեմը» «Լիվերպուլից» ձեռք բերեց Էնդի Քերոլին 15 մլն ֆունտի դիմաց: Դաունինգի հարցում կարելի է ենթադրել, որ «կարմիրներին» չի հաջողվի ստանալ անգամ այն գումարի կեսը, որոնք ծախսվել են ֆուտբոլիստին ձեռք բերելու ժամանակ: