Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան խոստովանել է, որ մինչ Մադրիդի «Ատլետիկոյից» առաջարկ ստանալը, պատրաստվում էր տեղափոխվել Պրեմիեր Լիգա:
Այս ամռանը 31-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը, սակայն «Ատլետիկոյին» հաջողվեց Դավիդին գնել զարմանալիորեն ցածր գնով՝ 5.1 մլն եվրո (4.4 մլն ֆունտ):
Վիլյայի խոսքերով, «Ատլետիկոյի» տարբերակը անսպասելի էր, քանի որ նա արդեն պատրաստվում էր տեղափոխվել Անգլիա:
-Ես արդեն պատրաստ էի տեղափոխվել Պրեմիեր Լիգա, սակայն հայտնվեց «Ատլետիկոն» և ընդամենը երեք օրում մենք համաձայնության եկանք:
Լավ կարիերայի համար այստեղ ամեն ինչ կա: Նրանք մրցաշրջանն ավարտեցին լավագույն եռյակում և հնարավորություն ունեն խաղալու Չեմպիոնների Լիգայում: Նրանք հաղթել են «Ռեալին» և նվաճել Իսպանիայի արքայական գավաթը,- Վիլյայի խոսքերն է մեջբերում ESPN-ը: