«Նյուքասլի» եզրային պաշտպան Դենի Սիմփսոնը կռվի մասնակից է դարձել Մանչեսթերի ակումբներից մեկում շաբաթ գիշեր լույս կիրակի օրը: Սոցիալական կայքերում և մամուլում հայտնվել է ֆուտբոլիստի լուսանկարը և տեսագրություն, որում նա անգիտակից և արնախառը ընկած է փողոցում:
Վերջին ժամանակներս Սիմփսոնը կորցրել է տեղը «կաչաղակների» հիմնական կազմում: «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողին այժմ փոխարինում է նորեկ Մաթյո Դեբյուշին:
Ակնհայտ է, որ Դենին այժմ ավելի ազատ ժամանակ ունի, սակայն նա այդ ժամանակը անցկացնում է տարօրինակ ձևով: The Sun-ի փոխանցմամբ, գիշերային ակումբ այցելելուց հետո 26-ամյա ֆուտբոլիստը որոշել է իր հետ վերցնել մի քիչ սնունդ, որը վաճառվում էր դրսում:
Հերթ կանգնելու ընթացքում Սիմփսոնը վիճել է մի հաճախորդի հետ, որի տարիքն ըստ ականատեսների գնահատվում է ավելի քան 40 կամ 50 տարեկան: Դենին հարվածել է նրան և նա ընկել է գետնին: Անձամբ ֆուտբոլիստն արագ տաքսի է նստել, որտեղից նրան հանել է երրորդ տղամարդը և հաշվեհարդար տեսել:
Մոտ 15 րոպե Սիմփսոնը ընկած է եղել փողոցում, անգիտակից վիճակում և արյունոտ դեմքով, մինչև շտապօգնության ժամանելը և նրան հիվանդանոց տանելը: Բժիշկները նշել են, որ Դենին հարբած է եղել: «Նյուքասլը» դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը: