«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կատակել է, որ իրեն վրդովեցրել է հարձակվող Էրլինգ Հոլանդի «Սաութհեմպտոնի» դարպասը խփած մեկ գոլը:
Պրեմիեր լիգայի իր նախորդ երեք հանդիպումներում հեթ-տրիկի հեղինակ դառնալով՝ Հոլանդը սկսեց շաբաթ օրը կայացած «Սաութհեմպտոնի» դեմ հանդիպումը՝ հարվածելով դարպասաձողին:
Այնուհետև Էրլինգը բաց թողեց ևս մի քանի հնարավորություն և գոլ խփեց, երբ հաշիվն արդեն խոշոր էր՝ ամրագրելով Սիթիի ջախջախիչ հաղթանակը (4:0):
Եզրափակիչ սուլիչից հետո Գվարդիոլան գովել է Հոլանդին՝ նշելով, որ մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն նորվեգացի ռմբարկուից։
«Ես շատ վրդովված եմ, որ նա երեք գոլ չխփեց, այդ իսկ պատճառով մարդիկ ստորագրահավաք են սկսել՝ նրան հեռացնելու համար Պրեմիեր լիգայից»:
«Նրա վրիպումները: Պատահում է: Մարդիկ շատ մեծ ակնկալիքներ ունեն, նրանք ակնկալում են, որ նա ամեն խաղում երեք-չորս գոլ կխփի: Ի վերջո նա խփեց: Նա օգնեց պահել գնդակը, նա պայքարեց: Էրլինգն այսօր իսկապես լավ խաղաց»: Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։