«Մրցավարական սխալները խաղի մի մասն են կազմում»: Այս ծեծված արտահայտությունը միշտ օգտագործում են այն երկրապագուները, ովքեր այլ կերպ չեն կարող բացատրել տվյալ վիճելի դրվագի իրական նշանակությունը: Համաձայն եմ, գրեթե բոլոր ֆուտբոլային հանդիպումների ընթացքում լինում են տարբեր տեսակի վիճելի դրվագներ (սխալ նշանակված եզրային նետում կամ անկյունային, խաղադաշտի կենտրոնում կատարված խախտում և այլ ոչ այդքան էական դրվագներ), որտեղ մրցավարները կայացնում են սխալ որոշումներ: Բայց… դրանք էական ազդեցություն չեն ունենում խաղի ելքի վրա: Իսկ Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի ընթացքում եղան երկու հանդիպումներ, որտեղ մրցավարների կողմից կայացրած սխալ որոշումները լրջորեն ազդեցին հանդիպման հետագա ընթացքի վրա:
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի»
Գլխավոր մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ
Մրցավարի 1-ին օգնական՝ Ջեյկ Կոլլին
Մրցավարի 2-րդ օգնական՝ Սայմոն Բեկ
Այս խաղում մրցավարական առաջին լուրջ սխալը տեղի ունեցավ 25-րդ րոպեին, երբ Կևին դե Բրյույնեն բացեց հանդիպման հաշիվը:
Նկարում երևում է, որ դե Բրյույնեն մի փոքր ավելի առաջ է գտնվում քան Դելլե Ալին: Արդարության համար պետք է նշել, որ այս դրվագում գլխավոր մրցավարի 1-ին օգնական Ջեյկ Կոլլինի համար բավականին բարդ էր արձանագրել խաղից դուրս իրավիճակը, չնայած, որ նա գտնվում էր լավ դիրքում: Իհարկե, մենք այս ամենը հասկացանք միայն կրկնապատկերից հետո, բայց հավատացեք սա դեռ չարյաց փոքրագույնն է:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին իր կոպիտ սխալով ուշադրության կենտրոնում հայտնվեց գլխավոր մրցավարի 2-րդ օգնական Սայմոն Բեկն՝ ահա այս դրվագի ժամանակ:
Պարզապես անհավատալի է թե ինչպե՞ս կարելի է չնկատել այսչափ ակնհայտ խաղից դուրս իրավիճակն` ունենալով այսպիսի տեսադաշտ: Նախ պետք է նշել, որ Սայմոն Բեկը հետևյալ դրվագում ի սկզբանե սխալ դիրք էր զբաղեցրել: Իսկ ո՞րն է դրա պատճառը: Նրա պրոֆեսիոնալիզմի վրա չարժե կասկածել, իսկ ահա նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ կարելի է, քանի որ ժամանակակից, այն էլ անգլիական ֆուտբոլը բավականին արագ և ինտենսիվ է և դրա հետևանքով կարող են լինել դեպքեր, երբ մրցավարները չհասցնեն դրվագի հետևից:
Հարի Քեյնի փոխանցման ժամանակ թե՛ Ռահիմ Ստեռլինգը, թե՛ Ալեքսանդր Կոլարովը, ովքեր դիմավորում էին Քեյնին, վերջինիս կատարած փոխանցումից հետո ուղղակի կանգ առան և ձեռքները բարձրացրեցին վեր լավ հասկանալով, որ Քայլ Ուոլկերը գտնվում է պարզապես ակնհայտ խաղից դուրս իրավիճակում: Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ այս դրվագը տեղի է ունեցել առաջին խաղակեսի վերջին րոպեին: Ինչևէ, չարձանագրելով խաղից դուրս իրավիճակը՝ մրցավարը թույլ տվեց շարունակել հանդիպումն, ինչին էլ հաջորդեց Էրիկ Դայերի խփած գոլը, որտեղ իր ակտիվ մասնակցությունն էր ունեցել նույն Քայլ Ուոլկերը: Փաստացի այս կոպիտ սխալով Սայմոն Բեկը կարելի է ասել փոխեց հանդիպման հետագա սցենարը: Ու բոլորովին փաստ չէ, որ «Տոտենհեմը» գնար ընդմիջման պարտվողի կարգավիճակում, կկարողանար երկորդ խաղակեսում այդպիսի մեծ եռանդով ետ բերել կորցրածը` 20 րոպեի ընթացքում խփելով 2 գոլ, ընդորում «Տոտենհեմի» 3-րդ գոլը նույնպես խփվեց խաղից դուրս իրավիճակից:
Այս անգամ արդեն լրջերոն գործին խառնվեց գլխավոր մրցավարի 1-ին օգնական Ջեյկ Կոլլինը: 65-րդ րոպեին «Տոտենհեմը» վաստակում է տուգանային հարվածի իրավունք: Գնդակին մոտենում է Քրիստիան Էրիկսենը և…
ահա թե ինչ է տեղի ունենում դանիացու հարվածի պահին․
Գնդակը ետ է մղվում դարպասաձողից և խաղից դուրս իրավիճակում գտնվող Հարի Քեյնը այն ուղարկում է Վիլի Կաբալյերոյի պաշտպանած դարպասը: Այս երկու նկարներում երևում է, որ Քեյնը ակնհայտ խաղից դուրս իրավիճակում է գտնվում, իսկ մրցավարի դիրքը հետևյալ պահին ամենաքիչն իդեալական կարելի է համարել: Թվում է, թե սրանից լավ դիրք եզրային մրցավարի համար ուղղակի լինել չի կարող: Արդյունքում ևս մեկ կոպիտ սխալ, որը նույնպես էականորեն ազդեց խաղի ելքի վրա:
Մեկ դրվագ էլ ցանկանում եմ ներկայացնել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրը եզրափակող «Վեստ Բրոմ» – «Էվերթոն» խաղից:
Հանդիպման 75-րդ րոպեին «Էվերթոնի» հարձակվող Արունա Կոնեն մեն-մենակ դուրս գալով Գլեն Մայխիլի դեմ գրավում է վերջինիս պաշտպանած դարպասը, բայց արի ու տես, որ ոչ առանց կանոնների խախտման: Այստեղ ևս կար հստակ, բայց չարձանագրված խաղից դուրս իրավիճակ: Խնդրեմ, համոզվեք ինքներդ:
Ուշադրություն դարձրեք եզրային մրցավար Մարկ Փերրիի զբաղեցրած դիրքին: Պարզ երևում է, որ նա ուշացավ և բաց թողեց դրվագը` որի արդյունքում էլ անտեսվեց Կոնեի խաղից դուրս իրավիճակում գտնվելու փաստը: Այստեղ ևս փաստ չէ, որ հանդիպման ավարտից 15 րոպե առաջ «Էվերթոնը» հաշվի մեջ պարտվելով մեկ գնդակի տարբերությամբ կկարողանար հասնել հաղթանակի, եթե չլիներ այս գոլը:
Ու այս ամենի ցավալին այն է, որ նմանատիպ սխալներից հետո մրցավարները կամ պատիժ չեն կրում, կամ առավելագույնը որակազրկվում են մեկ խաղով: Իսկ ամենացավալին այն է, որ Անգլիայի Ֆուտբոլի Ասոցիացիան կոպիտ ասած աչք է փակում այսպիսի դեպքերի վրա. փոխարենը օպերատիվերեն պատժում է ֆուտբոլիստներին իրենց սխալ արարքների համար` նույնիսկ խաղից հետո էպիզոդները վերանայվում են և սահմանվում է պատիժը:
Հ.Գ. Իրոք չափազանց տհաճ են այսպիսի երևույթները, քանի որ առաջին հերթին այս ամենից տուժում է ՖՈՒՏԲՈԼԸ` բոլոր առումներով:
Միհրան Ալեքսանյան