«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն խոստովանել է, որ Մանուել Պելեգրինիի ժամանումը «Սիթի օֆ Մանչեսթեր» իրեն վերադարձրել է իր ինքնավստահությունը:
Չնայած նրան, որ բոսնիացուն այդպես էլ չհաջողվեց Պրեմիեր Լիգայի առաջին տուրի «Նյուքասլի» դեմ խաղում գոլի հեղինակ դառնալ, նա ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Ջեկոն 8 հարված է կատարել «կաչաղակների» դարպասին:
Ինչպես հայտնի է, «քաղաքայինների» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին այնքան էլ չէր վստահում Էդինին և հաճախ հիմնական կազմ դուրս չէր բերում: Սակայն` Պելեգրինիի գալով, ինչպես նշում է հարձակվողը, ամեն ինչ փոխվեց:
-Ես շատ էի ցանկանում գոլ խփել, սակայն ի վերջո մենք հաղթեցինք, երեք միավոր ձեռք բերեցինք և խփեցինք 4 գոլ: Առջևում հաջորդ խաղն է, և ես պատրաստ եմ դրան:
Նոր մարզիչն իր հետ թիմ է բերել ինչ-որ յուրահատկություն, հատկապես ինձ համար: Նա ինձ վստահություն է փոխանցել, և դա հենց այն է, ինչն ինձ անհրաժեշտ էր,- Ջեկոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: