«Վեսթ Հեմի» համասեփականատեր Դևիդ Գոլդը խոստովանել է, որ իր ակումբը մեծ քայլ է կատարել «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլին ձեռք բերելու համար:
Դեռ մայիսին հայտնի դարձավ, որ «Վեսթ Հեմը» համաձայնեցրել է Անգլիայի հավաքականի 24-ամյա խաղացողի տրանսֆերային գինը 15 մլն ֆունտի չափով: Սակայն Էնդիի հետ պայմանավորվելն ավելի դժվար եղավ:
Լուրերի համաձայն, «Վեսթ Հեմ» տեղափոխվելու համար, որտեղ այս մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել, Քերոլը պահանջել է աշխատավարձի բարձրացում` ներկայիս 80 հազարի փոխարեն 100 հազար ֆունտ շաբաթական, որը լոնդոնցիներն անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող իրենց թույլ տալ:
Եվ չնայած փոխզիջում չի եղել, նրա տեղափոխությունն ավելի հավանական է դարձել: Այդ մասին Գոլդը հայտնել է Թվիթերում, որտեղ պատասխանել է երկրպագուի հարցին Քերոլի ձեռքբերման վերաբերյալ:
-Վերջին ժամերի ընթացքում Էնդի Քերոլի` «Վեսթ Հեմ» տեղափոխվելու հավանականությունը մեծացել է` 50/50-ից հասնելով 75/25-ի: Ձեզ տեղյակ կպահեմ,- հայտնել է Գոլդը: