BBC-ն հայտնում է, որ առաջիկա օրերին Դևիդ Մոյեսը հաստատվելու է՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ: Դրա հետ կապված լուրեր են պտտվում, թե ով է փոխարինելու 50-ամյա մասնագետին «Գուդիսոն Պարկում»:
Հայտնում են, որ չորեքշաբթի երեկոյան Մոյեսը Լոնդոնում բանակցել է «Էվերթոնի» նախագահ Բիլլ Քենրայթի հետ: Մերսիսայդյան ակումբն ի վիճակի չէ պահելու Դևիդին, որի պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին:
Այժմ «Էվերթոնին» պետք է Մոյեսին փոխարինող փնտրել: Անսպասելի թեկնածուներից մեկը «Էվերթոնի» ներկայիս ավագ Ֆիլ Նևիլն է, ով վերջերս հայտարարել է «Գուդիսոն Պարկից» հեռանալու մասին:
The Guardian պարբերականի փոխանցմամբ ակումբը դիտարկում է չորս այլ թեկնածուների՝ Նիլ Լենոնը «Սելթիկից», Ռոբերտո Մարտինեսն «Ուիգանից», Միքայել Լաուդրուպը «Սուոնսիից» և Սթիվ Քլարկը «Վեստ Բրոմվիչից»: Մինչդեռ բոլոր մասնագետներն այս պահին աշխատում են: Սակայն «Էվերթոնին» կարող է օգնել «Ուիգանի» դուրս մնալը Պրեմիեր Լիգայից: