«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկեին գնելու մասին: Գործարքի արժեքը կազմել է 32,5 մլն ֆունտ:
Բենտեկեն համարվում էր այս ամառվա ընթացքում «կարմիրների» առաջնային տրանսֆերային նպատակը, սակայն մերսիսայդյան ակումբը երկար ժամանակ փորձում էր բելգիացի գոլահարի տրանսֆերային արժեքն իջեցնել մինչև 20-25 մլն ֆունտ:
Ի վերջո, չկարողանալով համաձայնության գալ «վիլլացիների» հետ՝ «Լիվերպուլը» որոշեց 24-ամյա ֆուտբոլիստին գնել պայմանագրում սահմանված գումարով:
Բուժզննում անցնելուց հետո Բենտեկեն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել «Լիվերպուլի» հետ: Ամենայն հավանականությամբ, Բենտեկեն այս ամառվա ընթացքում «Լիվերպուլի» վերջին ձեռքբերումն էր:
-Ես շատ ուրախ եմ այս ակումբի մի մասը դառնալու համար և կփորձեմ օգնել հասնել դրված նպատակին,- ասել է Բենտեկեն:
Ավելացնենք, որ Բենտեկեն «Աստոն Վիլլայում էր 2012 թվականից: Այդ ընթացքում բիրմինգհեմյան ակումբում մասնակցել է 101 խաղի՝ դառնալով 49 գոլի հեղինակ: