«Լիվերպուլը» պաշտոնապես հայտնել է «Հոֆենհայմի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյին գնելու մասին:
Ընդամենը երեկ հայտնի դարձավ, որ «կարմիրները» համաձայնեցրել են 23-ամյա Ֆիմինոյի 29 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը: Այսօր մերսիսայդցիներն արդեն հաստատել են գործարքը, սակայն այն ավարտին կհասնի, երբ Ռոբերտոն ավարտի ելույթները Ամերիկայի գավաթում:
«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Ֆիրմինոյի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրվել: Սպասվում է, որ Ֆիրմինոն Բրենդան Ռոջերսի թիմում կփոխարինի Ռահիմ Ստերլինգին, ով մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Նշենք, որ Ֆիրմինոն «Հոֆենհայմում» հանդես էր գալիս 4,5 տարի՝ այդ ընթացքում մասնակցելով 151 խաղի և դառնալով 47 գոլի հեղինակ: Ռոբերտոն իր երկրի ազգային հավաքականի կազմում դարձել է չորս գոլի հեղինակ: