«Լիվերպուլը» հայտարարել է «Շտուտգարտի» կիսապաշտպան Վատարու Էնդոյին 16,2 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին:
Էնդոն երկարաժամկետ պայմանագիր կնքեց «Լիվերպուլի» հետ և դարձավ Յուրգեն Կլոպի թիմի երրորդ նորեկը այս ամառվա ընթացքում:
30 ամյա Էնդոն, ով «Լիվերպուլում» հանդես կգա 3 համարի մարզաշապիկով, չորս մրցաշրջան պաշտպանել է «Շտուտգարտի» գույները, որտեղ այդ ընթացքում 133 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ։
Էնդոյի կարիերայում եղել է ևս մեկ եվրոպական ակումբ։ Դա բելգիական «Սենտ Տրուիդենն» է, որտեղ Վատարուն խաղացել է երկու մրցաշրջան։
Էնդոն Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրել է 50 հանդիպում, այդ թվում՝ չորսը 2022 թվականին Քաթարում կայացած Աշխարհի առաջնությունում, որտեղ Վատարուն և գործընկերները հասան մինչև 1/8 եզրափակիչ։
«Լիվերպուլը» դիմել է 30 ամյա ճապոնացու օգնությանը՝ իրենց նոր մարզական տնօրեն Յորգ Շմադկեի առաջարկությամբ՝ Ռոմեո Լավիային և Մոյսես Կայսեդոյին իրենց ձեռքից բաց թողնելուց հետո:
«Ես շատ երջանիկ եմ և շատ ոգևորված այս մեծ ակումբին միանալու համար: Դա զարմանալի զգացողություն է և դա իմ երազանքն է: Միշտ իմ երազանքն է եղել խաղալ Պրեմիեր լիգայում, և սա ամենամեծ ակումբներից մեկն է: Ինձ համար սա երազանք է եղել»:
«Սա առաջին անգամն է լինելու, որ հայտնվում եմ Էնֆիլդում: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ «Էնֆիլդում» խաղալու՝ «Լիվերպուլի» երկրպագուների աչքի առաջ»:
«Ես խաղում եմ 6 համարի դիրքում և ավելի շատ պաշտպանվող խաղացող եմ: Կարծում եմ, որ կարող եմ օգնել այս ակումբին պաշտպանական գործողություններում և խաղը կկազմակերպեմ կիսապաշտպանությունում: Դա իմ գործն է»,- ասել է Էնդոն: