«Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տուրեն կարծում է, որ չեմպիոնական մրցավազքին մասնակցելը կօգնի իր թիմին պահել Լուիս Սուարեսին:
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սուարեսն արդեն դարձել է 17 գոլի հեղինակ, որը թույլ է տալիս «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել` 2 միավոր զիջելով միայն «Արսենալին»: Եվ չնայած, որ Սուարեսի ապագան «Էնֆիլդում» շարունակում է հարցականի տակ մնալ, Տուրեն վստահ է, որ տիտղոսի համար պայքարը կօգնի «Լիվերպուլին» պահել Լուիսին:
-Նա մեզ հետ է, մենք սիրում ենք նրան, քանի որ նա հրաշալի խաղացող է: Իհարկե մենք չենք ցանկանում, որպեսզի նա այլ ակումբ տեղափոխվի: Կարծում եմ` այժմ նա կարող է տեսնել, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ պայքարում են տիտղոսի համար և ցանկանում են այն նվաճել: Մենք պայքարի մեջ ենք: Յուրաքանչյուր խաղ մեծ կարևորություն ունի մեզ համար:
Կարծում եմ, որ «Տոտտենհեմի» դեմ խաղում մենք շատ լավ սկսեցինք և խաղացինք որպես թիմ: Մենք միասին պայքարում ենք, միասին հարձակվում ենք, միասին պաշտպանվում, և դա շատ կարևոր է, երբ թիմը մրցանակի համար է պայքարում,-Տուրեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: