Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ են ճանաչվել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը և «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն:
Նախորդ ամսվա ընթացքում Սալահը կարողացավ գոլի հեղինակ դառնալ «Լիվերպուլի» բոլոր 3 հանդիպումներում էլ՝ իր դուբլերով նախ տխրեցրեց «Բրայթոնին» և «Էվերթոնին», իսկ «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում աչքի ընկավ մեկ անգամ:
Նշենք նաև, որ Յուրգեն Կլոպի թիմը ոչ-ոքի խաղաց «ճայերի» հետ (2:2), և հաղթեց «իրիսներին» (2:0) և «անտապահներին» (3:0)՝ այս արդյունքների շնորհիվ «կարմիրները» կարողացան հաստատվել լավագույն քառյակում:
Բացի եգիպտացի հարձակվողից, հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի կոչման համար պայքարում էին նաև Դուգլաս Լուիսը, Բրիան Մբեմոն, Պեդրու Նետոն, Դեքլան Ռայսը և Քրիստիան Ռոմերոն:
Սա 5-րդ նման մրցանակն է Սալահի կարիերայում՝ նա այդ տիտղոսների քանակով հավասարվեց Ուեյն Ռունիին և Ռոբին Վան Պերսիին: Ավելի շատ ունեն միայն Կրիշտիանու Ռոնալդուն, Սթիվեն Ջերարդը, Հարի Քեյնը և Սերխիո Ագուերոն:
Իսկ լավագույն մարչի մրցանակը, ինչպես օգոստոսին և սեպտեմբերին, ստացավ Պոստեկոգլուն, ում խաղացողները հոկտեմբերին հաղթեցին «Լյուտոնին» (0:1), «Ֆուլհեմին» (2:0) և «Կրիստալ Փելեսին» (1:2):
Այս մրցանակի համար պայքարում 58 ամյա ավստրալացին առաջ է անցել Միկել Արտետայից, Ունայ Էմերիից և Յուրգեն Կլոպից։
Բացի Պոստեկոգլուից, միայն Անտոնիո Կոնտեն, Պեպ Գվարդիոլան և Յուրգեն Կլոպն են կարողացել 3 անգամ անընդմեջ դառնալ ամսվա լավագույն մարզիչ։