«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ գոհ է իր նոր ակումբի ամառային ձեռքբերումներից:
Այս ամռանը «քաղաքայինները» թիմն ուժեղացնելու համար արդեն 50 մլն ֆունտ են ծախսել՝ ձեռք բերելով Խեսուս Նավասին և Ֆերնանդինյոյին: Պելեգրինիի խոսքերով երկու ֆուտբոլիստներն էլ կարող են նոր բան տալ «Սիթիին»:
-Լա Լիգայից լավ ճանաչում եմ Խեսուսին: Նա արագ է, հիանալի տեխնիկա ունի, և կարծում եմ՝ երկրպագուները կվայելեն նրա խաղը:
Նա մեր հարձակմանը վստահություն կհաղորդի, չէ որ նա ընդունակ է գոլեր խփել և գոլային պահեր ստեղծել խաղընկերների համար: Սա լավ ձեռքբերում էր ակումբի համար,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Ինչ վերաբերվում է բրազիլիացի Ֆերնանդինյոյին, ապա Մանուելը ասել է.
-Վերջին մի քանի տարում Ֆերնանդինյոն իր խաղով հիացնում է ինձ: Նա միջազգային ասպարեզում մեծ փորձ ունի և լավ կուժեղացնի մեր կիսապաշտպանությունը: Կարծում եմ՝ նա կհարմարվի Պրեմիեր Լիգային,- ավելացրել է Պելեգրինին: